«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Սփյուռք» մատենաշարով ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների ստեղծագործություններ՝ արձակ, պոեզիա, թատերգություն, ուղեգրութուն և այլն։ «Ժանրային սահմանափակումներ չկան։ Շեշտը դրվելու է այն գործերի վրա, որոնք ընթերցողական լայն շրջանակներին ծանոթ չեն` ինչ-ինչ պատճառներով չեն տպագրվել խորհրդային շրջանում, տպագրվել են սփյուռքում, բայց ունեցել են մեկ հրատարակություն կամ ներկայացված են եղել միայն մամուլում»,-ասում է «Էդիթ պրինտ» հրատարակչության վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ, արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԸ։
«Սփյուռք»-ով արդեն լույս են տեսել Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն, Նիկողոս Սարաֆեանի «Մանուկ Դուինեան» էքզիստենցիալ վեպը («Նաիրի» ամսագիր, 1948 թ.)։
«Սփյուռքի հայ գրողները հիմնականում ներշնչվել են ֆրանսիական գրականությունից և ձևավորել յուրօրինակ մի հայերեն։ Նրանց գործերում նկատելի է նաև միջավայրը, որտեղ ապրել են. չեն սահմանափակվել միայն, ենթադրենք, օսմանահպատակ հայերի ստեղծած բառապաշարով։ Ինչ վերաբերում է թեմաներին, գոնե այն գործերում, որ տպագրված են կամ նախատեսում ենք տպագրել, առանցքում հայ մարդն է, հայկական բարքերը»,- ասաց Դավիթ Սամվելյանը։
Մատենաշարն ուղղված է նաև սփյուռքյան ընթերցողին, նրանք հնարավորություն ունեն բաժանորդագրվելու և ձեռք բերելու գրքերը առաքման միջոցով։ «ՈՒրախ կլինեմ, որ այստեղ էլ կարդան, ու արևմտահայ գրող ասելով՝ չհասկանան միայն Մեծարենցին, Վարուժանին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Շարքում նախատեսվող գրքերից են նաև Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» ուղեգրությունը, Հակոբ Մնձուրու «Նազար» թատերգությունը, Հարութ Կոստանդյանի բանաստեղծությունները, արձակը և նամականին, Նշան Պեշիկթալշյանի «Սադայելին շուքին տակ և պոչին» երգիծավեպը։
«Սփյուռք» մատենաշարը համակարգում է գրող-գրականագետ ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԸ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ